Մինչ շատերը կարծում էին, որ Զոլյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի պրոռեկտոր Բալայանը, պաշտոնակատար նշանակվեց Գայանե Գասպարյանը (ասում էին` Բալայանը դժվար «քաշի», որովհետև Զոլյանն «անքաշ» է, իմա` դժվար «քաշելի» է, համ էլ` երեք Բալայանը մի պստիկ Հայաստանին շատ-շատ էր, գումարած հանգամանքը` երկու կրտսեր Բալայանները շատ նման են իրար, ու երբ առաջին անգամ բրյուսովյան Բալայանին տեսանք, մտածեցինք` ԱԳՆ-ն ինչի՞ է խառնվել Բրյուսովի գործերին):
Ինչ վերաբերում է ռեկտորի նոր պաշտոնակատարին, ապա վերջինս առաջին անգամ չէ, որ «բախվում» է Զոլյանի զոլավոր պահվածքին. ժամանակներ առաջ Զոլյանը նրան ազատել է պրոռեկտորի պաշտոնից (Գայանե Գասպարյանը մինչ պաշտոնակատար դառնալն ամբիոնի վարիչ էր), սակայն, ի տարբերություն տղամարդ Զոլյանի, տիկինը քաղաքակիրթ լքել է պրոռեկտորի իր սենյակը, առանց ամբիցիաների ու բարդույթների ավելցուկ ցուցանելու, առանց հաթաթա տալու, տղա բերելու, թե` բա չեք ասի` իմ հարցը «ԵԽ գլխավոր քարտուղարի քննարկմանն է դրված, իսկ Հայաստանի իշխանություններն էլ խնդրի կարգավորման համար ժամանակ են խնդրել» (չէ` հա, մենք էլ գիտենք, որ Հանրապետության հրապարակի կողմերում` կառավարության շենքում, իշխանությունները նրա հետ լավ էլ քաղաքավարի, բայց կոշտ զրույց են ունեցել):
Մի խոսքով, ինչպես և ասել էինք, Զոլյանի քաղաքական կուրատորները «ինստրուկտաժ» են արել իրենց հոգեզավակին` Բրյուսովի օջախը «տաք» պահել, չենթարկվել ԿԳ նախարարի հրամանին, սպասել ԴԱՀԿ-ին, որ գա-հանի իրեն այլևս ապօրինաբար զբաղեցված սենյակից: Որ լա՜վ «շուխուր» լինի:
«Ինծիլիգենտ» Զոլյանի քաղաքակրթական հնարավորությունները, փաստորեն, անսահմանափակ են. այսպիսով, նա կին պաշտոնակատարին չի թողնում մտնի ռեկտորի` իր օրինական սենյակը, և սրբորեն կատարում է իր քաղաքական «պապաների» հրահանգը:
Հետաքրքիր է` ի՞նչ է անում, որ չի թողնում. վազվզո՜ւմ է սենյակով մեկ, դռան վրա դանակ դնում, ահաբեկո՜ւմ:
Մանրամասներ չեն հաղորդվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ